Վաղ երեկո
Վաղ երեկո | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն |
տարի | 1892[1] |
բարձրություն | 72,3 սանտիմետր |
լայնություն | 97,5 սանտիմետր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
Ծանոթագրություններ |
«Վաղ երեկո» («Taperaa mahana», «Իրիկնադիմի ժամ»), ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի նկարը Էրմիտաժի հավաքածուից։ Մտնում է նրա նկարների տահիտական ցիկլի մեջ։
Նկարում պատկերված է վեց կանանցից բաղկացած մի խումբ, որոնք նստած են ծառի տակ և զրուցում են, կանանցից մեկի կողքին պառկած է շունը, ևս երեք կանայք նրանց կողքից գնում են տարբեր ուղղություններով։ Նկարի աջ և ձախ անկյուններում ծառերի արանքից երևում են հյուղակները։ Առաջին պլանում կռվում են երկու աքաղաղ։ Աջից ներքևում Գոգենը գրել է նկարի տահիտերեն անվանումը՝ Taperaa mahana, նաև դրել է ստորագրությունը և ամսաթիվը՝ P Gauguin — 92։ Շուրջ 2 սմ լայնությամբ կտավի մի մասը բոլոր կողմերից թեքված է եզրերի վրա. հավանաբար նկարը Ֆրանսիա է ուղարկվել գլանափաթեթ արված և վաճառքի է պատրաստվել արդեն Փարիզում եղած ժամանակ[2]։
Էրմիտաժի արևմտաեվրոպական արվեստի բաժնի գիտաշխատող արվեստագիտության դոկտոր Ա. Գ. Կոստենևիչը նշում էր․
Գոգենի նկարը պարադոքսալ է։ Մի կողմից դա զուտ ժանրային ստեղծագործություն է, որը կազմված է առօրյա կյանքի տարբեր մանրամասներից։ Կանայք անշտապ զրուցում են, շունը կուչ եկած պառկած է, երկու աքաղաք կռվում են։ Սակայն սա և մյուս մանրամասները չեն բերում զգալի ժանրային հետաքրքրականություն։ Գլխավոր շեշտադրությունը արվում է ոչ թե սյուժեի պատմողական հրապուրանքի, այլ մաքուր գույնի ներշնչող, սուգգեստիվ ուժի վրա[3]։
Նկարը ստեղծվել է 1892 թվականին Տահիտիում։ Տահիտիում Գոգենի կյանքը ուսումնասիրող Բենգտ Դանիելսոնը աջում գտնվող շինությունը նույնականացնում Գոգենի՝ Տաիտիում գտնվող սեփական տան խոհանոցի հետ[4], որը մի անգամ չէ, որ պատկերել է նկարիչը, օրինակ՝ «Տահիտական գյուղ քայլող կնոջով» Կարլսբերգի՝ Կոպենհագենում գտնվող Նոր քանդակաքարերի ժողովածուից․ այս նկարից ամբողջությամբ կրկնված են նաև սև շորով քայլող կնոջ և նստած կանանց կերպարները։ Ինքը՝ Գոգենը, բազմիցս անդրադարձել է ծառերի տակ նստած և զրուցող կանանց սյուժեին, հայտնի են նրա աշխատանքները «Զրույց (Les Parau Parau)»՝ Էրմիտաժից և «Շշուկով ասված խոսքեր (Parau parau)»՝ Եյլի համալսարանի արվեստի պատկերասրահից։
Գոգեն մահից հետո նկարը երկար ժամանակ եղել է նրա ընտանիքի սեփականությունը։ 1928 թվականին այն ցուցադրվել է Լոնդոնի Նեդլերի պատկերասրահում, որտեղ այն գնել է արդյունաբերող և հավաքորդ Օտտո Կրեբսը։ Կտավը պահպանվել է Վեյմարի մոտ գտնվող Կրեբսի հոլցդորֆյան կալվածքում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կրեբսի հավաքածուն թաքցվել է հատուկ սարքավորված չհրկիզվող պահարանում, որը կառուցվել է կալվածքի տնտեսական շինություններից մեկի տակ։ 1945 թվականին Հոլցդորֆը զբաղեցված էր Խորհրդային զորքերով, Կրեբսի կալվածքում տեղակայված էր Գերմանիայում խորհրդային ռազմական վարչությունը։ Հավաքածուն հայտնաբերվել և տեղում նկարագրվել է խորհրդային ռազմավարային թիմերի կողմից, որոնք զբաղվում էին արվեստի գործեր հավաքելով և դրանք ԽՍՀՄ արտահանելով, որից հետո ուղարկվել է պետական Էրմիտաժ[5], որտեղ երկար ժամանակ պահվել է պահուստներում և հասանելի չի եղել լայն հանրությանը և անգամ ուսումնասիրողներից շատերին, ավելին՝ Արևմուտքում կարծել են, որ Կրեբսի հավաքածուն ոչնչացել է Երկրորդ աշխարհամատի ժամանակ, իսկ նկարը հայտնի է եղել միայն սև-սպիտակ լուսանկարով, որը պահպանվում էր Լոնդոնում՝ Կուրտոյի արվեստի ինստիտուտում[2]։
Նկարը հանրությանը ցուցադրվել է միայն 1995 թվականին ռազմավարի արվեստի էրմիտաժյան ցուցադրությունում[6]։ 2001 թվականից այն պատկանում է Էրմիտաժի մշտական էքսպոզիցիաների թվին և 2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում՝ Սերգեյ Շուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի պատկերասրահում[7]։
-
«Տահիտական գյուղ քայլող կնոջով»
-
«Զրույց»՝ Էրմիտաժ
-
«Շշուկով ասված խոսքեր»՝ Եյլի համալսարանի արվեստի պատկերասրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/39567/
- ↑ 2,0 2,1 Костеневич А. Г. Искусство Франции 1860—1950. Живопись. Рисунок. Скульптура: в 2-х томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. 2. — С. 31.
- ↑ Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 230.
- ↑ Даниельссон Б. Гоген в Полинезии. — М.: Искусство, 1973. — С. 65.
- ↑ Государственный Эрмитаж. «Перемещённое искусство». 1945—1958: Архивные документы. — СПб., 2014. — Ч. 1. — С. 233—234.
- ↑ Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 228—231.
- ↑ Государственный Эрмитаж. — Гоген, Поль. «Taperaa mahana»